Տեղի ունեցավ «Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առանց գիտաժողովը»

July 25, 2017
2017թ. հուլիսի 22-ին տեղի ունեցավ «Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առանց գիտաժողովը», որի նպատակն էր միավորել և կապեր հաստատել աշխարհի տարբեր բուհերում աշխատող և սովորող երիտասարդ գիտնականների միջև, ներկայացնել Հայկական աշխարհի զարգացման վերաբերյալ նրանց տեսլականը։ Գիտաժողովի ընթացքում Չինաստանի Հայկական համայնքի ղեկավար, Գիտաժողովի հիմնադիր Մհեր Սահակյանի ելույթի հիմնական նպատակն էր վերլուծել և գործնական առաջարկներ տրամադրել, թե ինչու՞ և ինչպե՞ս Հայաստանը կարող  է մասնակցել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Մարինե Սարգսյանը (Լեյդենի Համալսարան, Նիդերլանդներ) խոսեց Հարավային Կովկասի երկրների Ռուսաստանի և Եվրոպական Միության հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ։ Տաթևիկ Ազիզյանը (Եվրոպայի քոլեջ, Նատոլին, Լեհաստան) ներկայացրեց ժողովրդավարության անցման ճանապարհին Հայաստանի  քաղաքական և տնտեսական ինստիտուտների կառուցման փորձը։ Էդգար Խաչատրյանը (Էստոնիայի դիվանագիտական դպրոց) հանդես եկավ առաջարկներով, թե ինչպիսի՞ն կարող է լինել փոքր երկրների դիվանագիտությունը։ Անահիտ Պարզյանը (Նանծինի համալսարան, Չինաստան) փաստեց, որ կիբերտարածքը կարող է դիտարկվել նաև, որպես մարդու կողմից ստեղծված պատերազմների դաշտ։ Լիսա Լէհիմճեանի (Ջոնս Հոփկինսի համալսարան, ԱՄՆ) ելույթը վերաբերվում էր մեդիա գրագիտության և հավաստիության գնահատման կարևորությանը թվային դարաշրջանում։ Վարուժան Գեղամյանը (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Ռուսաստան) վերաիմաստավորեց ժողովրդավարություն-ավտորիտարիզմ և աշխարհիկություն-իսլամիզմ երկբևեռության այլընտրանքները հետհեղաշրջումային Թուրքիայում։ Անուշ Պողոսյանն («Եվրոպա» Ֆլենսբուրգի համալսարան, Գերմանիա) իր ելույթում ներկայացրեց ԵՄ երեք «մեծ անդամների» արտաքին քաղաքականության առանձնահատկություններն Արաբ-իսրայելական խաղաղության վերահաստատման գործընթացում։ Սարեն Աբգարյանն (Ծիաո Թոն համալսարան, Չինաստան) իր ելույթում բացահայտեց Չինական փորձը միջազգային ներդրումային իրավունքի ոլորտում։ Միքայել Հայրապետյանը (Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա) փաստեց, որ  Հայկական դասական երաժշտության կարող է դառնալ Հայաստանի և Սփյուռքի ազգային ինքնության պահպանման  կարևոր միջոց։ Լիանա Եդիգարյանը (Պաղեստին) ներկայացրեց Հայ Դասական և Ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանության տեխնիկական առանձնահատկությունները չինարեն լեզվով։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունել էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նրա խոսքում մասնավորապես ասված էր. « Ես մեծ խորհուրդ եմ տեսնում հայ գիտական միտքը համախմբելու այս նախաձեռնության մեջ։ Վստահ եմ, որ ձեր գիտելիքները, ջանքն ու եռանդը այսուհետ նույնպես կնպատակաուղղեք՝ ի բարօրություն մեր ազգի և ի նպաստ մեր հայրենիքի բարգավաճման ու հզորացման։ Ջերմորեն ողջունում եմ Հայ ուսանողների և հետազոտողների առաջին համահայկական առցանց գիտաժողովի մասնակիցներին և դրվատանքի ջերմ խոսքեր ուղղում ՉինաՀայ համայնքի ղեկավար Մհեր Սահակյանի հասցեին, ում ջանքերով կյանքի կոչվեց այս չափազանց օգտակար ձեռնարկը, որը պատիվ կբերի ցանկացած երկրի երիտասարդ գիտնականներին »։ Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյան նշել էր․ «Արդի հարափոփոխ աշխարհում հայկական հանրությանն ուղղված մարտահրավերներին դիմագրավելը և ըստ արժանվույն պատասխանելը հնարավոր է միայն ազգային զարգացման՝ խորապես մտածված ռազմավարություն վարելու պարագայում։ Իր հերթին, նման ռազմավարության մշակումը և իրագործումը հնարավոր են միայն Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) և Սփյուռքի մեր մտավոր ու հոգևոր ռեսուրսների  սիներգետիկ միավորման պարագայում։ Այս համատեքստում ողջունում եմ ազգային  մտավոր ներուժի կենտրոնացմանն ուղղված առցանց գիտաժողով կազմակերպելու՝ Չինաստանի հայ համայնքի նախաձեռնությունը»։ Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանն իր հերթին նշել է. «Գիտաժողովի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հայ երիտասարդ գիտնականներին միավորելու գործընթացը կատարվում է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ։ Այս նախաձեռնության շնորհիվ մենք նպատակ ունենք համախմբել հայկական գիտական մտքի ապագան, ներկայացնել այն Հայկական աշխարհում, կապեր հաստատել Եվրասիայից մինչև Ամերիկա մայրցամաքներում աշխատող ու ուսանող հայ երիտասարդ գիտնականների միջև։ Հե՛նց այս կապերի միջոցով նրանք կսկսեն համագործակցել ու արդյունքներ տալ, կիսվել փորձով,  որով կշահեն, թե՛ նրանք, թե՛ նաև Հայրենիքը։ Պետք է հիշե՛լ, որ 21-րդ դարում կհաղթի գիտունը։ Կիրթ ու համախմբված երիտասարդությունը Հայկական աշխարհի հաջողության գրավականն է»։
Share This Post
Categories Announcement

No Comments