Հարցազրույց Արեվիկ Մարգարյանի հետ

April 19, 2018

Արեվիկ Մարգարյան , 19 տարեկան, Լիաօնինգ շրջանի Դալիան քաղաք, բակալավրի 2-րդ կուրս,  չինարենի մասնագետ

  1.  Ե՞րբ և ի՞նչը բերեց Ձեզ Չինաստան: -Սերն ու հետաքրքրությունը չինարենի նկատմամբ։

2. Ո՞րն էր ամենամեծ փորձությունը, որ հանդիպեց Ձեզ կյանքի նոր` հիերոգլիֆներով գրվելիք էջում: -Քանի որ հայկական տառերն ու չինական հիերոգլիֆները բացարձակ նմանություն չունեն, կարծում եմ, որ բոլորիս համար էլ սկզբում դժվարություններ եղել են։ Ինձ մոտ սկզբում հիերոգլիֆները փոքր գրել չէր ստացվում, բոլորը մեծ-մեծ էին ստացվում։

3. Ինչպե՞ս հաղթահարեցիք այն: -Շատ պարապելով, ժամերով նույն հիերոգլիֆի վրա աշխատելով։

4. Ի՞նչը Ձեզ զարմացրեց: -Չինացիների մտածելակերպը։

5. Ո՞րն է ամենահիշվող պատմությունը, ամենապայծառ ու լուսավոր կետը կյանքի նոր էջում: -Շատ պայծառ, ծիծաղելի օրեր ու պատմություններ են եղել այս 2 տարում, անգամ չգիտեմ,որն առանձնացնեմ, բայց լավ հիշում եմ, երբ նոր էի եկել, բանկում հարցրեցին, թե որտեղի՞ց եմ, պատասխանեցի, որ Հայաստանից եմ, այդ աղջիկը երկար նայելուց հետո ասաց. «Հա՜, հա՜ գիտեմ Հայաստանը Աֆրիկայում է, չէ՞»։ 6. Ի՞նչ ձեռքբերումներ եք հասցրել ունենալ Չինաստանում բնակվելու ընթացքում (ամենափոքր ու աննշան բանն էլ կարող է հետաքրքիր լինել ընթերցողին):

-Ամենամեծ ձեռքբերումը իմ  փոքրիկ ,բայց միևնուն ժամանակ և շատ մեծ կյանքի փորձի ձեռքբերումն է, իհարկե շատ մեծ ու անփոխարինելի ձեռքբերումներ են ինձ համար իմ ընկերները, գիտելիքներ՝ միանշանակ... Եվ այսպես կարող եմ շատ երկար թվարկել։

7. Որո՞նք են Հայաստանի և Չինաստանի միջև առկա հիմնական տարբերությունները: -Մարդիկ։ Իսկ նմանություննե՞րը: Ես։ Ե՛վ Հայաստանում գտնվող Արևիկը, և՛ Չինաստանում գտնվող Արևիկը նույնն է։

8. Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել երկու երկրների մշակութային/քաղաքական/հասարակական/տնտեսական/կրթական ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: -Ես իմ պարտականությունն եմ համարում, բոլորին ծանոթացնելու հայկական մշակույթին և ոչ միայն։  Փորձում եմ ամեն տեղ բարձր պահել մեր հայրենիքի պատիվը, որն ինձ համար շատ կարևոր է։Կարծում եմ, եթե բոլորն այսպես անեն, մենք շատ բարձունքների կհասնենք։ Ուզում եմ մի փաստ նշել, որ այս ժամանակահատվածում իմ արտասահմանցի ընկերներին ծանոթացրել եմ մեր պատմությանը, սովորեցրել եմ հայկական տառերը, երգերը... և ոմանք գիտեն ոչ միայն տառերը այլև կարողանում են նախադասություններ կազմել։ Սա ևս ինձ համար շատ մեծ ձեռքբերում և պատիվ է։ Եվ հենց այս ամենով ես հպարտ եմ,որ հայ եմ, և իմ ընկերները սիրեցին հայերին։

9. Ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել ապագայում: -Այն, ինչը օգտակար կլինի հայրենիքիս համար, ինձ համար և ընտանիքիս համար։

10. Մտադրություն ունեք մնալ Չինաստանու՞մ, թե՞ վերադառնալ Հայաստան: -Կախված է, թէ որտեղ ավելի գնահատված կլինեմ։ Իհարկե ցանկությունս ավելի մեծ է, որ իմ հայրենիքում լինեմ։

11. Ինչու՞: -Չինաստանում գնահատված եմ ինձ զգում , բայց կարծես հյուրի կարգավիճակում լինեմ։ Իսկ Հայաստանում՝ հակառակն է, տանն ես, բայց շատ դեպքերում՝ ոչ գնահատված։Հուսամ, որ իմը այդ դեպքերից չի լինի։  

Շնորհակալություն։

Share This Post
Categories Announcement

No Comments