ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Եդիգարյան Լիանա

April 18, 2018

Մանկուց սիրել եմ բեմը, քանի որ ծնողներս աշխատում էին Երևանի Դրամատիկական Թատրոնում: Նույնիսկ դպրոցում հաճախել եմ թատերական խմբակ և ներկայացումներում խաղացել եմ գլխավոր դերzեր: Մանուկ ժամանակ երազել եմ Բրյուս Լիի հետ մեկ ֆիլմում նկարահանվել :), բայց ավաղ...

1994 թվականին Չինաստան ուսման նպատակով մեկնելուց 9 օր հետո ինձ մոտեցան եվ հրավիրեցին ֆիլմի նկարահանմանը, մարմնավորելով եվրոպական ինչ-որ բարձրաստիճան մարդու դստեր, ով զվարճանքով դիտում էր Պեկինի օպերան և ծափահարում: Այդ շատ փոքրիկ դերից հետո ինձ նկատեցին և սկսեցին մեկը մյուսին ներկայացնել տարբեր ֆիլմերում նկարահանման համար: Ամեն ինչ սկսվեց էպիզոդիկ դերերից և   ավարտվեց գլխավոր դերերով: Մարմնավորել եմ տարբեր ազգերի ներկայացուցիչների` անգլիացի, ամերիկուհի, գերմանացի, հոլանդացի, իտալացի, ռուս և այլն, բայց ափսոս ֆիլմերում իբրև Հայ ներկայանալու հնարավորություն չտրվեց:

Այս նկարում մարմնավորում եմ ամերիկուհու, ով ամուսնացել է չինացու հետ և ժամանելով Չինաստան, հայտնաբերում է, որ այն շատ-շատ տարբերվում է ազատ մտածելակերպ ունեցող Ամերիկայից, և, ինչպես իսկական ամերիկուհի, փորձում է փոփոխություններ մտցնել...

Նկարահանումները եղել են 2001 թ.հուլիսից-սեպտեմբեր ամիսներին 四川-Սիչուան նահանգի 成都-Չընդու քաղաքում: Սերիալի անունն է`《妻妾成群》,20 սերիա.

Ֆիլմերում, սերիալներում նկարահանվելուց բացի, մեծ սեր ունեի դեպի Չինական մշակույթը և արվեստը: 1999 թվական ես և քույրս` Մարինեն, ով նույնպես սովորում էր Չինաստանում, բացառիկ հնարավորություն ունեցանք ծանոթանալու 相声-Սյան Շըն կոչվող (Անգլերեն՝ Crosstalk կամ StandUp) Չինական հումորի ժանրի հայտնի դերասան-վարպետ 丁广泉- Դին Գուան Չյուանի հետ: Նա սիրում էր ընտրել շնորհալի և չինարեն լեզվի լավ իմացություն ունեցող արտասահմանցինեին, և անվճար սովորեցնել Սյան Շըն, բացելով չինական մշակույթի բոլոր գաղտնիքները, որի մեջ նաև ընդգրկվում էին Պեկինի օպերան և այլն, չինարեն ասվում է `曲艺:Իր շնորհիվ մենք ելույթներ ենք ունեցել Չինաստանի տարբեր ծայրերի տարբեր բեմերում, և շատ անգամ հնարավորություն ենք ունեցել ներկայացնել Հայաստանը, ես` նվագելով չինական և հայկական ստեծագործություններ հայկական քանոնի վրա, իսկ Մարինեն` երգելով Կոմիտասի "Կաքավիկը": Նշեմ, որ հայկական տարազները կարել էինք մենք ինքներս:

Ցավոք, 2018 թ.հունվարի 18-ին վարպետը մահացավ:

2001թ.Սիչուանում վերջին սերիալում նկարահանվելու ընթացքում ազատ ժամանակս իզուր չվատնեցի, հայրս իմ խնդրանքով էսքիզ նկարեց, ես էլ Մարաշի տեխնիկայով ասեղնագործեցի այս գործը: Այստեղ պատկերված ենք ձախից ` Մարինեն, Դին Գուան Չյուան-ը, Լիանան: Մարինեն` չինական ավանդական զգեստով, ուսուցիչը` նույնպես, ես էլ` հայկական տարազով: Մեր ոտքերի տակ Հայաստանի սիմվոլներից Նուռ և Խաղողն է, մեջտեղում չինական պիոն ծաղիկը: Մեր երեքի միաձուլված դեպի վեր պահած ձեռքերը խորհրդանշում են Հայ-Չինական Մշակույթի միասնական բարգավաճումը, զարգացումը (որի շնորհիվ ծառը շարունակում է ծաղկել, կանաչել ):

2001թ.նոյեմբերին նա մեզ պաշտոնապես ընդգրկեց իր սանիկների ցուցակի մեջ, և այդ միջոցառման ժամանակ էլ ես նվիրեցի այս ասեղնագործությունը իրեն, որն այժմ իր անձնական ցուցահանդեսում է գտնվում:  

 

   

Հեղինակ ՝ Եդիգարյան Լիանա

Խմբագրեցին՝ Արաքսյա Ներսիսյան և Միլենա Բաղդասարյան  

Share This Post
Categories ARM Notices Social Events Չինահայ

No Comments